-ՕՐԵՐ
-ԱՌԱՋ ԳԻՏԵԻ
-ԻՄ ՏԱՐԻՆԵՐԸ
-ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ ԵՍ
-ԵՐԲ ԻՄԱՍՏԱԶՈՒՐԿ Է ԼԻՆՈՒՄ
-ԲԱՐՈՎ ՄՆԱՔ
-ԽԱՉՄԵՐՈՒԿ
-ՄԻ ԳՈՒՑԵ ԵՍ ԽԵՆԹ ԵՄ
-ՏԱՊԱՆԱԳԻՐ
-ՀԻՄԱ ՀԱՍԿԱՑԱ
-ՆՈՒՅՆ ՔԱՂԱՔՆ Է
-ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ
-ՎՈՐՈՎՀԵՏԵՎ ՍԻՐԵԼ ԵՄ
-ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ
ՕՐԵՐ
Կավի նման ափերի մեջ,
ինձ ճմռում է բեմը այս հսկա,
ձայնը կախվեց առաստաղից –
արձագանքի համար այլևս սիրտ չկա...
և վարագույրը ապակյա
դանդաղ իջավ, սեղմվեց բեմի եզրին,
և երգը, գոլորշու նման՝
հպվեց նրան, դարձավ կաթիլ...
Օրերը լուռ - օրերը ցուրտ,
օրերը լերկ - օրերը անիմաստ,
օրերը նեղ - օրերը խենթ,
օրեր անշարժ - կամ էլ վազքից հոգնած,
օրեր հարբած - օրեր տարված,
օրեր կարոտ - օրեր օտարացած,
օրեր լարված աղեղի պես,
օրեր աղոթք կամ անեծքի տրված...
Հազար - հազար դեմքերի մեջ,
տեսնում եմ քո աչքերը ես միայն,
ինչո՞ւ է բեմը լուսավոր,
իսկ դահլիճի շարքերը աննշմար,
- մի տող
- մի տուն
- մի երգ
- ոչինչ
սիրո մասին երբեք ես չեմ գրել
որովհետ խենթի նման
իրականում եմ միշտ սիրել:
Իբրև երազ - իբրև կարոտ,
իբրև հրաշք կապույտ երկինք
դու մարդկային ոգու տաղանդ,
դու չես ժպտում ամեն մեկին
Հազար երգերի մեջ տանջված,
գրքերի մեջ ճզմված թիթեռ
երեք տառից է բաղկացած
հրաշքը - որ կոչվում է սեր:
Նա է, որ չի ներում կեղծիք,
չի ենթարկվում ժամանակին,
և շուրթերի վրա դողում
աղոթքի պես Աստվածային...
Լույսն է սիրո քեզ ուղեկցում
ամեն վայրկյան ռազմի դաշտում,
սերն է որ մեզ գուցե փրկի,
կամ էլ կորցնի անապատում:
Սերն է միակ տերն ու արքան,
մնացածը ունայնություն
նա է իմաստը այս կյանքի,
որ մեկ անգամ է շնորհվում:
Օրերը նենգ - օրերը բութ,
օրերը ստոր և անիծված
և սառույցե այս ամրոցում
նրա կրակը չի մարած
Օրեր կորուստ - օրեր նվեր,
օրեր աղոթք - օրեր առանց Հայր մեր
օրեր հրաշք - օրեր պարապ,
օրեր երկար - երկար սատկած ձմեռ,
օրեր նոր երգ - օրեր ոչինչ,
օրեր ընկեր - օրեր նոր թշնամի,
օրեր կնունք - օրեր ծնունդ,
ինչպես ջնջեմ օրերը թաղումի:
Կավի նման ափերի մեջ,
ինձ ճմռում է բեմը այս հսկա,
ձայնը կախվեց առաստաղից –
արձագանքի համար այլևս սիրտ չկա...
Օրերը նենգ - օրերը ստոր,
օրեր վերելք - օրեր դավաճանած,
օրեր հազար տագնապների,
սակայն երբեք, երբեք ծնկի չեկած:
Իբրև հրաշք կապույտ երկինք
դու մարդկային ոգու տաղանդ,
դու չես ժպտում ամեն մեկին:
Հազար երգերի մեջ տանջված,
գրքերի մեջ ճզմված թիթեռ
երեք տառից է բաղկացած
հրաշքը - որ կոչվում է սեր:
Նա է, որ չի ներում կեղծիք,
չի ենթարկվում ժամանակին,
և շուրթերի վրա դողում
աղոթքի պես Աստվածային...
5
---------------------
ԱՌԱՋ ԳԻՏԵԻ
Խոսք՝ Մուշեղ Իշխանի
Առաջ գիտեի,
թե մարդիկ ինչու կգային աշխարհ,
արեգակն ինչու կթափեր ոսկի,
ծաղկաբաց ծառի ափերում դալար
ինչո՞ւ կհնչեր երգը գետակի,
առաջ գիտեի, հիմա չգիտեմ:
Առաջ գիտեի,
ինչ էին ասում աստղերը պայծառ,
կախված կամարից անհաս երկնքի,
թե ուր կարշավեր վազքը տենդահար
հավերժագնաց մեր մոլորակի
առաջ գիտեի, հիմա չգիտեմ:
Առաջ գիտեի,
թե ինչո՞ւ մարդկանց ծիծաղին հորդուն
խառնվում էր լաց, արյուն ու արցունք,
և ինչու կյանքի հինավուրց ճամփին
վեհին կնայեր ամեն մի բարձրունք
առաջ գիտեի, հիմա չգիտեմ:
Առաջ գիտեի
թե ինչ կար կյանքից, մահից էլ անդին,
ինչ գանձեր ծածուկ ուներ ապագան,
և թե որ անսուտ, նորածագ լույսին,
կբացվեր հանկարծ ամեն գերեզման,
առաջ գիտեի, հիմա չգիտեմ:
5
---------------------
ԻՄ
ՏԱՐԻՆԵՐԸ
Խոսք՝ Հր. Թամրազյանի
Իմ տարիները չոր հենակ,
փողոցներում դատարկ հնչյուն,
ինչպես հասնեմ քեզ մոտենամ
իմ տաք երակ, իմ մանկություն
երբ տարիներն են ինձ ջնջում։
Մտերիմներ թե հին, թե նոր
մաքուր էր սերն իմ առաջին
չեղած մի կիրք, մի նոր կարոտ,
որ մոտեցավ իր շուրթերով
այդ չպղծված միակ խաչին...
Ճաշակեցի և քեն, և ոխ,
ու կուրացած իր փայլերից -
քրքջացող մարդկանց ամբոխ -
ու կորուստներ թե հին, թե նոր
ու մուրացող մի Հայրենիք։
Ահա կանգնել է իմ դիմաց -
դա ես տեսել եմ թե լսել,
օ՜ սոսկահար մահվան դիմակ,
օ՜ մոտեցող աղաղակներ,
և հին ստի նոր երանգներ...
Ճերմակ երազ - ճերմակ աչքեր,
ճերմակ երկրի աստղին հառած,
ճերմակ ցամաք, ճերմակ մի նավ,
անիրական կյանքի ծարավ,
ու ժամանակը... կանգ առած։
Աչքերիս դեմ - ճերմակ մի սար -
ու մեր ճամփան - ճերմակ տեսիլ -
ու մեր հայացքը - համընթաց -
ու անհաղորդ սրտերը սառ -
քարի նման... թափվում են ցած...
Մեղեդիներ - լեզուն կտրած
ու տեսիլքներ մեռած ու ողջ.
այդ խավարի մեջ ինձ գտավ,
այդ գիշերից ինծ դուրս հանեց
խզված կոկորդն իմ ընկերոջ...
Նա շոշափեց կույրի նման,
իր երգը - լուռ ու կյանքը - կարճ,
նա լոկ մի բառ ինձ շշնջաց
այսպես կիսատ ու սիրտը կախ -
ես շրջվեցի... բայց նա չկար...
5
---------------------
ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ ԵՍ
Աղբյուրից մաքուր ջուրը խմելիս ես կհագենամ
և հետո, մի պահ կառչած ներկային՝ ես կզարմանամ
թե ինչպես եղավ, որ մեր շուրջ հանկարծ ամենը
փոխվեց
ասում են՝ ամեն երազանք ու հույս նորից
պղտորվեց:
Զարմանում եմ ես մեր առջև փակվող հազար
դռներից,
զարմանում եմ ես մեզ բաժան անող հազար
շերտերից,
զարմանում եմ ես և նորից - նորից ես չեմ
հասկանում
և գլուխս կախ ամբողջ իմ կյանքում ազգս եմ
փնտրում:
Ես չեմ զարմանում նորից արթնացած բյուր
ճիվաղներից,
զարմանում եմ ես նորից համբերող իմ
ժողովուրդից,
զարմանում եմ ես և չեմ վախենում օտար թշնամուց
խորանը երկրիս ներսից էր քանդվում, և արդեն
վաղուց:
Ժանտախտի օրոք քեֆ է ընդանում մի համատարած,
լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն ամոթխած,
սպանվումէ սարում այրվող փամփուշտով չքնաղ
պատանին
դատապարտելով աճյունը սառած մի ճոխ թաղումի:
Զարմանում եմ ես, որ նորից - նորից, գլուխը
կորցրած՝
ընթանում ենք մենք անցած ուղիով, արդեն
բթացած...
զարմանում եմ ես, որ այս աշխարհում ոչինչ չի
փոխվում,
անիվը սելի նորից կոտորվեց իր սիրած փոսում:
Զարմանում եմ ես դատարկ ու պարապ ինչ որ
հույսերից
զարմանում եմ ես, որ չեմ զարմանում էլ ոչ մի
բանից,
ժպիտը դեմքին, կանգնած անտարբեր, այս մեծ
աշխարհից
և մարդկանց նորից անդունդը տանող
ճանապարհներից:
5
---------------------
ԵՐԲ
ԻՄԱՍՏԱԶՈՒՐԿ Է ԼԻՆՈՒՄ
Երբ օրերն անցած ճանճի պես մեխվում են
քո օրացույցի դեղին էջերին,
ամիս առ ամիս անիմաստ թափվում են
տերևների պես, քո կյանքի ծառից:
Երբ ժամացույցի լարված զսպանակը
կացինն է ճոճում քո պարանոցին,
անցյալը դանդաղ իմաստազրկվում է,
ներկան էլ թմրած` քո ոտքի տակին:
Կյանքը անիմաստ իմաստազրկվում է,
երբ վերածվում է անվերջ պայքարի,
պայքարն էլ, ավաղ, իմաստազրկվում է,
երբ վերածվում է կյանքի իմաստի:
Իմաստը կորցրած դատարկ պատվանդանը
սպասում է հաջորդ կուռքի քանդակին,
երբ տապալվում է կանգնած արձանը,
ժամանակը միշտ վիժում է նորից:
Փողոց ու այգի իմաստազրկվում են
իմաստազրկված քաղաքի մեջքին,
տները նույնպես իմաստազրկվում են,
Երբ վերածվում են ապաստարանի:
Խոսքը շատ վաղուց իմաստազրկվել է,
ծնվել երախում բյուր ժողովների,
իմաստը նույնիսկ իմաստազրկվել է՝
այն վազքի նման, որ ավարտ չունի:
Ձեռքերը, պարապ, իմաստազրկվում են,
ամեն օր դարձավ տխուր կիրակի,
գլխուղեղիդ մեջ օրեցօր մեխում են
պատճառները բյուր առանց պատճառի:
Անիմաստության խորտակվող իմ նավը
նորից փրկության ափին է զարնվում,
երբ վերարկույով քնած զավակներս
մեկ-մեկ արթնանում ու ինձ են նայում:
Նրանց աչքերի առկայծող լույսերը
ոգուս սառույցի կեղևն են փշրում,
անկարողության պոկում կապանքները,
և կյանքս նորից իմաստավորում:
5
---------------------
ԲԱՐՈՎ ՄՆԱՔ
Դռները մեկ առ մեկ փակում
կյանքիս անցած էջերի պես,
էջերը լույս պահում սրտում,
մնացածը տալիս քամուն
- և հեռանւմ
- բարով մնաք...
Բարով մնաս իմ մանկություն,
որ դեռ ապրում, այրվում ես իմ սրտում,
փոքրիկ ջութակ, քարքարոտ բակ,
աքսորների խուլ ահազանգ
- կռիվ ու խաղ
- բարով մնաք...
Բարով մնաք - իմ ընկերներ
որ կիսեցիք ինձ հետ օրերը հին,
ես կհիշեմ ամեն վայրկյան
նրանց, որոնք արդեն չկան,
- օրհնյալ լինեք
- բարով մնաք...
Բարով մնաս դու իմ քաղաք.
և փողոցներ իմ հարազատ,
ես չափչփել եմ ձեզ հազար անգամ,
դեմքեր ծանոթ, բարի ու գորշ,
հեգնանք, ժպիտ և հայհոյանք,
- ես դեռ կգամ
- բարով մնաք...
Ինքս ինձնից եմ հեռանում
և կամուրջները ետդարձի ես չեմ այրում...
ես հեռանում եմ, որ դառնամ,
հազար փակված դռներ բանամ
- հիմա գնամ
- բարով մնաք...
Մնաս բարով, վերջին իմ սեր,
կորուստի պահը լուռ, և քարացած շուրթեր...
գիշեր անդարձ, ձեռքեր սեղմված,
և կորուստի դռները բաց
- ես փակեցի
- բարով մնաք...
Մնաք բարով խելառ օրեր
անքուն հազար իմ գիշերներ
բարով մնաք, խոսքեր մաշված
դեմքեր հոգնած
նոր խաբկանքի դռները բաց
- չեմ հավատում
- բարով մնաք...
Մնաս բարով, վերջին կորուստ,
վերջին իմ հույս, սպասում,
երազ վերջին...
ես հեռանում եմ ամենից,
ամեն տեսակ սուտ խաղերից
ես չեմ խաղում
- բարով մնաք
5
---------------------
ԽԱՉՄԵՐՈՒԿ
Կորչում գնում են, հեռանում,
մեկ-մեկ բոլոր մեր ջութակները,
ձեզ պետք է մի նվագախումբ, որտեղ տիրում են
թմբուկները
որտեղ ամեն մի մեղեդի փչում են լոկ
փողայինները,
Երբ լարերի ձայներ չկան, նրանք են
մենակատարները:
Ձեզ չեն ների - որ դիմացաք, չնվաղեց երբեք ձեր
կամքը,
չներեցիք և հեռացաք` նախազգալով խաղի ավարտը
ձեզ չեն ների - երբ ետ դառնաք, երբ որ մարեն
հիմար կրքերը,
երբ քանդելուց հետո նորեն կպահանջվեն
շինարարները
Ձեզ չեն ների, որ չկորաք, պահպանեցիք ոգու
տաճարը,
որ դատեցիք ինքներդ ձեզ հեգնած նրանց նեխած
ատյանը
որ հարբեցող դուք չդարձաք կյանքի հոտած
պանդոկների մեջ,
և չկորաք թմրած ծխում՝ տառապյալի հիմար դերի
մեջ...
Տեսե՞լ եք դուք այնպես ճատրակ,
որտեղ խաղում են լոկ սևերը.
կյանքի բեմից դուրս շպրտված՝
լուռ հեռանում են սպիտակները:
5
---------------------
ՄԻ
ԳՈՒՑԵ ԵՍ ԽԵՆԹ ԵՄ
Մի գուցե ես խենթ եմ, կամ աշխարհն
է ցնորվում...
մոլորված քայլում եմ ուղղանկյուն այս
աշխարհում
և հաշվում դատարկ բիբերը կուրացած ու պաղ
երազների...
մայթերից պոկում խոսքերը ոտքի տակ ճզմված
ժամանակի:
Եվ նորից խաբված ամբոխը հովիվներ է նոր
վիժում,
և նորից կապույտ թռչունը բանտարկվեց իր
վանդակում,
և նորից սեղմված բռունցքները ինչ-որ բան են
պահանջում...
խելացնոր ազատությունը և կախված անկախությունը
հեղափոխության գորշ երախում:
Մի գուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում,
անկարող ոռնում եմ լույսազուրկ իմ սենյակում,
կարկատում եմ շաբաթները թելերով մաշված իմ
նյարդերի
և մուրում եմ լուսաբացը տաք հացից էլ ավելի:
Եվ չորս կողմը բողոքում են, ինչ-որ բան են
անիծում,
գիտեն, ով է մեղավորը, «Հասկանում են» և
դատում...
Երբ ամեն բուսած չիբանը կյանքն է մեր
ճակատագրում
զավակիդ պաղած աչքերը և կաթին կարոտ շուրթերը
բզկտում են խիղճդ և այրում:
Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է
ցնորվում...
ո՞վ է խենթ այս բեմադրիչը, մի՞թե մեկն է
մեղավոր
չեն զնգում կախված դույլերը, ի՞նչ ժամկո՞չն է
մեղավոր:
չես ցանում գարնան սերմերը, ի՞նչ պիտի քաղես
աշնան,
երբ չկա վարող գութանը, մի պատճառ հանի եզանը-
նրան էլ մորթի – հանգստանաս:
Ինձ ասում են` խենթ ես, չէ աշխարհն է
ցնորվում...
5
---------------------
ՏԱՊԱՆԱԳԻՐ
Խոսք՝ Մուշեղ Իշխանի
Երբ սիրավառ և հիացիկ կնայես դուն,
գարնան շքեղ ծաղիկներուն ու ծառերուն,
հիշի՛ր, որ նախ քեզնից առաջ ես եմ տեսել,
և աչքերիս լույսը պայծառ հող է հիմա:
Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ,
երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ,
հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա,
և շրթերիս վայելքն անհուն հող է հիմա:
Երբ կգրկես թևերիդ մեջ դու հեշտագին,
լուսամարմին և վարսագեղ սիրո հոգին,
հիշի՛ր, որ նախ այդ հարբեցման ես տիրացա,
և ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա:
Երբ որ շահես բազում գանձեր ու հաղթանակ,
և ճակատիդ դնեն ոսկե փառապսակ,
հիշի՛ր, որ նախ փառքի դափնին ինձ է տրվել,
և ճակատիս ցոլքը վճիտ հող է հիմա:
Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ,
երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ,
հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա,
և շրթերիս վայելքն անհուն հող է հիմա...
և աչքերիս լույսը պայծառ հող է հիմա..
և ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա...
Հող է հիմա…
5
---------------------
ՀԻՄԱ ՀԱՍԿԱՑԱ
Հիմա հասկացա, կարևորը կանգառն է,
ճանապարհը միայն կետերի միացում,
շնչում է դեմքիդ քրտնած կայարանը,
քեզ կուլ է տալիս և դուրս, շպրտում:
Սեղմված են իրար մաշված ճամպրուկները,
յուղոտ բաժակները սեղանին դողում,
իրարից զզված, ուղղևորները,
ինչ որ անիմաստ ստեր են փչում:
Ճանապարհը քո ընթացող խաբկանքն է,
առջևում միայն - անհայտություն,
երբ քո փողոցից մարդիկ վերանում են,
դու փնտրիր նրանց, ուրիշ քաղաքում:
Անցյալը ճմռած քո լաթերի մեջ
կախում ես մեխից,
ո՞ւր պիտի փախչես ինքդ քեզանից:
Քո ճամպրուկն էլ խենթ ջութակի պատյանն է,
քեզ ճանապարհին ոչ ոք չի սպասում,
որոնում ես այն կապույտ քաղաքը,
որտեղ երազները չեն գողանում...
Դու հիմա հասկացար - կարևորը կանգառն է,
ճանապարհը միայն կետերի միացում,
անշարժությունից զզված ընթանում ես,
քաղաքից քաղաք ուր քեզ չեն սպասում:
Պառկած ես անշարժ փայտե մահիճին,
դողալով ցրտից,
ուր պիտի փախչես, ինքդ քեզանից:
Դու հիմա հասկացար, կարևորը կանգառն է,
ճանապարհը երկու անհայտի միացում,
շնչում է դեմքիդ, քրտնած կայարանը,
քեզ դուրս է նետում - ետ չի ընդունում...
Երգն էլ մի տեսակ կետերի միացում է,
խոսքերը կցված իրարու - գնացքներ,
բեմն էլ անձրևոտ դատարկ կայարան է,
ու ջութակը քո - հարբած ուղևոր:
Անցյալը ճմռած քո լաթերի մեջ
կախում ես մեխից,
ո՞ւր պիտի փախչես ինքդ քեզանից:
5
---------------------
ՆՈՒՅՆ ՔԱՂԱՔՆ Է
Դատարկվել են փողոցները հարազատ ձեր դեմքերից,
եւ շրջում են չորս բոլորը լոկ ստվերները
անցյալի։
Նույն քաղաքն է նույն արեւը, սրճարանը
անկյունում,
բայց օտար ուրիշ աչքեր են, անծանոթ օտար
դեմքեր են,
քայլվածքին քո հետեւում։
Եվ մարում է մեր անցյալը, ապագան էլ ուշանում,
ո՞վ է սխալը, ո՞վ է ճիշտը, էլ ոչ ոք չի
հասկանում։
քեֆի մեջ են առնետները, սերմը մեկ առ մեկ
կորչում,
հեռանում են հին տերերը, բարձրանում են վեր
նորերը,
եւ անիվը պատմության վերադարնում։
Թեկուզ ոռնամ ու խենթանամ ես այս ցավից՝
ես հավատում եմ, Տեր,
դեռ չի չորցել արմատը մեր ծառի, եւ դեռ կտա
ծիլեր,
որքան ել մենք կերցնենք իրար, այս խելագար
կյանքում,
մեկ մեղեդի, ծանոթ մի ձայն, մեզ կդարձնի մեր
տուն։
Երբ սեղմում եմ բռունցքներս եւ աշխարհն եմ
անիծում,
երբ կորցնում եմ հաշտությունս, քո երգերն եմ
մրմնջում,
եւ այդ ի՞նչ է, որ հավերժ է, Հույսը, կյանքը,
թե՞ հոգին,
չգիտեմ. պարապ խոսքեր են… Երեւի այս մեղեդին։
Դատարկվել են փողոցները հարազատ ձեր դեմքերից,
եւ շրջում են չորս բոլորը լոկ ստվերները
անցյալի։
Նույն քաղաքն է, նույն արեւը եւ բոզերը
անկյունում,
բայց օտար ուրիշ աչքեր են, անծանոթ օտար
դեմքեր են,
քայլվածքին քո հետեւում։
5
---------------------
ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Աշխարհը այս բաժանվել է
հազար ու մի տարբեր կտորների...
ասում են շատ վաղուց (ստում են երեւի),
ամեն լաթի կտորը մի երկիր է՝
իր կարկատած օրենքներին գերի.
և մարդկային կիսված ամբոխ՝
ցցված այդ լաթերին:
Ամեն մի կեսը կայսրություն է,
կամ պետություն, կամ էլ գաղութ ինչ որ մեկի,
սահմանների փշալարով կարված՝
մարմնի վրա կապոյտ մոլորակի:
Այդ կեսերից էլ մեկը մեր երկիրն է՝
կապված առագաստով՝ քարե խարիսխներին,
կես սահմանի ցցին սեղմված,
կես հոյսերի լույսին հառած
և կես կտոր հացին...
և երբ կիսված է ժամը, և քարացած է դեմքը
աշխարհի,
կիսված կռիվ ու մսաղաց՝ լքված կիսատ
ջոկատների,
կիսված վերջին փամփուշտը և վերարկուն
նախորդ պատերազմից,
և դու որ քո մարմնով փակում ես
միջանցքը նոր կորուստների...
ես հին ու նոր կիսատներին ատում եմ,
այն կեսերին, որ կիսեցին հոգիս,
կես խուժանից արդեն ես ձանձրանում եմ,
կես գողերից, քառորդ հովիվներից.
և կես ճամփին մարած գնացքը մենք հրում ենք-
(կեցցե ամբողջությունը խենթերի),
կես խափնված ազգասերին ատում եմ,
ռամիկ պարոններից ես զարզանդում եմ,
էլի մի բան, որ չեմ հիշի...
Նորից փրդած ծառի մարմինը ծիլեր կտա գարնան
շեմին,
նորից քո պատուհանը մութ կյանքի լույսով
կողողվի,
միայն թե դիմանա քո սիրտը կիսված հազար
հարվածներին,
չքարանան թեւերը քո թռիչքի մեջ կիսված ճամփին:
լսի՝ր, ժամանակի կիսված զարկերը, լսիր,
դեռ չկիսված մի մեղեդի,
փակի՝ր կորուստների բացված դռները
և ամբոխին կիսված մի՝ խառնվիր:
Հե՜յ, օրհնյալ լինի մեր խենթերի միասնությունը
ատում եմ քեզ կիսատության գերի
ձեզ հետ եմ ես՝ ովքեր ցավից պարում են,
ձեզ հետ եմ ես՝ ով կամքը իր լարում է-
հեգնում ճակատագրի գորշ երեսին:
5
---------------------
ՎՈՐՈՎՀԵՏԵՎ ՍԻՐԵԼ ԵՄ
Երբ որ մաղում եմ մեկ առ մեկ բոլոր անցած իմ
տարիները
թափվում են ցած ավազի պես օրերի շարքը
անտարբեր
և վերանում են մոռացված կյանքը կերտող դատարկ
բաները
ցանցի վրա միայն մնաց տեսիլքը քո բյուրեղացած:
Սա էլ կանցնի գուցե մի օր, և կփակվեն ցավոտ
վերքերը
և կփրկվեն տունկերը մեր համատարած այս ցամաքից
և նվիրված պատրանքներից նա էր միակ օրհնված
արժեքը,
որ կպահեմ մինչ կյանքիս վերջ, որովհետև սիրել
եմ ես:
Ես ձանձրացա իմ երգերից, կորցրեց կիթառս իմ
իմաստը
չնվաղեց երբեք հոգիս, չկարգվեցի ես ծաղրածու
ծուռ ու շիտակ կյանքիս ճամփին չճարպոտեց երբեք
իմ սիրտը
և կատարվեց կյանքս կարծես, որովհետև սիրել եմ
ես:
Մոլորվեցին ձայները մեր, և խոցվեցին
ձայնալարերը
և կորցրեցին աղմուկներում վերջին ճիչերը
խլացած
մեկ-մեկ միայն անսպասելի քեզ կգտնեմ կորցված
երգերը
միայն մի փոքր ավելի բյուրեղացած և ապրված:
Սա էլ կանցնի գուցե մի օր, և կփակվեն ցավոտ
վերքերը
և կփրկվեն տունկերը մեր համատարած այս ցամաքից
և նվիրված պատրանքներից նա էր միակ օրհնված
արժեքը
որ կպահեմ մինչ կյանքիս վերջ, որովհետև սիրել
եմ ես:
Թեկուզ ոռնաս տանջող ցավից, թեկուզ ծալվի
սովից մարմինդ,
չեն վաճառվի աճուրդներում քեզ արժեքները
ժառանգված
և խոզերի առջև ստիպված դու չես սփռի
մարգարիտներդ,
իմ կյանքն ել չի դառնա տհաս, իմ բարեկամ քանի
դու կաս:
5
---------------------
ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Երբ անառակ որդու նման՝
դառնաս թողած քաղաքդ
և դռնեդուռ փնտրես նրանց,
ում որ վաղուց կորցրած ես...
սեղանի չորս կողմում նստած
նրանք են` ում գտել ես-
Խոսքեր չկան, խմում ենք լուռ...
Ուշ է: Ուշ է: Ուշ է:
Երբ անառակ որդու նման՝
վերադառնաս քո տունը-
մթում կախված մի պատուհան,
ճոճվող ստվերներ` անկյունը,
երբ հայրդ ծեր դնի ուսիդ
իր դողացող ձեռքերը,
միայն կշշնջա կամաց`
Ուշ է: Ուշ է: Ուշ է:
Հազար օտար աչքերի մեջ
գտնես նրա հայացքը,
նրան` ով որ սիրում էր քեզ՝
սպասում քո վերադարձը:
Երբ անառակ որդու նման՝
վերադառնում է սերը,
լսում ես կարճ մի պատասխան-
Ուշ է: Ուշ է: Ուշ է:
Եվ ո՞ւմ կամքով է, որ կյանքում
ամենն ունի իր վերադարձը
միշտ ուշացած գտնում ես այն`
ինչ որ վաղուց կորցրած ես:
Երբ անառակ որդու նման՝
վերադառնում է խիղճդ,
քո մանկության պատկերը վառ
Լույս է: Լույս է: Լույս է: