|
ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Ապակյա կապույտ թափանցիկ մի գունդ
կրում է իր մեջ մոլորակը փուչ,
ամպոտ արգանդոն
դրախտ ու դժոխք
կապված են իրար
նույն ժամանակով...
Մարդկանցից հոգնել եմ- անհաղորդ,
մեկը բութ հովիվ է, իսկ մյուսը՝ ճորտ:
Երրորդն էլ ճոճվում՝ երկնի մեջտեղում,
չորրորդն էլ հեգնում՝ եւ հեռանում:
Մեզ ծալում է կյանքը և վիժում,
միայն ավարտին ենք, տեր մեր քեզ հիշում,
մարել ենք բոլոր մոմերը խորանում,
քեզ կորցրել ենք՝ Հա՛յր մեր, չենք գտնում...
Ծամեցին մարմնիդ նշխարքը,
մարսեցին խաչված պատրանքը,
լակեցին բաժնված արյունդ՝
լավ է չեն փոխում անունդ...
Տեր, գիտե՞ս, Քեզ որդեգրել են
եվ, ասում են, թլպատել են,
ախոռում էր Քո ծնունդը,
ո՞վ է հնարել այս սուտը...
ո՞ւմ էր պետք, ասա, այս սուտը:
Մեկ առ մեկ հղկված քարերը
հպվեցին իրար,
սալերով պատվեց քո նավը
և դարձավ տաճար...
Բաժնեցին նրա խորհուրդը
հազար աթոռի,
մոռացան կիսել «Հայր մեր»-ը,
և մարդոց մաշված ջիղերը,
և լաթերը ժառանգված խղճի
Ուժասպառ վանքի կմախքը
գմբեթն է կրում,
Տեր, մարդոց հոգու թոքախտն է
արյունով հազում
Դեռ կանգուն են տաճարները՝
հովիվներն են սուտ,
ինքնակոչ առաջնորդները,
կիսակրոն վարդապետները,
քահանան ճարպոտ,
դպիրը բութ…
Հայր մեր, որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցի կամք Քո
Որպես յերկինս
Եվ յերկրի։
Զհաց մեր հանապազօրդ
Տուր մեզ այսօր
Եվ թող մեզ զպարտիս մեր,
Որպես և մեք թողումք
Մերոց պարտապանաց
Եվ մի տանիր զմեզ ի փորձութիւն
Այլ փրկեա զմեզ ի չարէ
Զի քո է արքայութիւն և զորությիւն
Եվ փառք հավիտեանս
Չէ որ ամենակարող ես…
Աշխարհ վաղուց դատարկվեցավ,
Երբ քեզնից, Տեր՝ նա զրկվեցավ...
ձայնդ օդում մարած կեցավ,
ձյան փաթիլով լուռ պառկեցավ...
և վերացավ...
Քրիստոս մեր մեջ հայտնվեցավ
անձրեւի պես տեղաց-անցավ
հողին ծարավ ջուր տվեցավ
սիրտը վհատ համբարձվեցավ
և վերացավ...
Քրիստոս երկիր մեր իջեցավ,
սիրտը մարդոց հետ կիսեցավ,
կորսված հոգում լույս վառեցավ,
մեր մեղքերով լուռ խաչվեցավ
և վերացավ...
Մոլորյալ երկրի փորձություններից
դադրած աշխարհի...
համբառնամ ընդ քեզ
ամենակարող լույս դու իմ աչաց,
հնազանդության և տառապանքի
քարոզները սին կզարնեմ պատին
կողոպտյալ, անշունչ և աստվածազուրկ
լույսից քո զրկյալ խորանի լքյալ
որքան էլ սեղմեն բյուր կապանքներով
զկոկորդ զանգի,
չի խեղդվի երբեք մոգական կանչի
զղողանջ նորա...
սրտիս մեջ մաշված, տաճարում խղճի
կպահեմ, Հայր մեր,
ես անունը քո...
և կօրհնեմ ամեն առավոտ լուսո
զոգիդ արարիչ,
զկամք քո բարձյալ
երկնային Տեր իմ...
Պահեցինք աչքերի
բիբերում-քեզ աչաց,
և սրտի թաքստոցում,
Տեր, քո լույսը թողած,
աշխարհի անաստված
դիմակին կարծրացած
մնացինք մի փոշի,
Հայր, քո խաչը շալկած...
Բայց հեռու ես դու, Տեր,
աստղային մշուշում,
և դարերը հոսող
քեզ վայրկյան են թվում
այս կյանքում մորմոքող
խիղճն է Տեր ու Աստված,
երկնայինը հետո՝
երբ ընկնենք մենք անշարժ՝
Բացարձակ ճշմարիտ
դու խորհուրդ իրական,
ամենի Արարիչ`
դու ոգի հավիտյան,
բայց կյանքում դողացող
սերն է Տեր ու Աստված,
երկնայինը հետո
երբ ընկնենք մենք անշարժ...
Միայն այն չի վաճառվում,
որ ոչ կանգնում է, ոչ ընկնում,
որ ոչ լողում է, ոչ թռչում
անաստված այս աշխարհում:
միայն նա չի վաճառվում,
որ ոչ ծնվում է, ոչ շնչում,
որ ոչ լռում է, ոչ ճառում,
միայն նա չի վաճառվում,
մնացածը վաճառվում է...
Մնացածը վաճառվում է...
մնացածը վաճառվում են...
մնացածը վաճառվում են...
և բոլորն են վաճառվում:
Մնացածը վաճառվում է...
Մնացածը վաճառվում են...
Մնացածը վաճառվում են...
անաստված այս աշխարհում:
Եվ միայն խաչիդ գամերը,
այս կյանքի տառապանքները
միայն այդ չի վաճառվում...
և սրտին սեղմված պատկերը,
կորուստի թախծոտ աչքերը
միայն այդ չի վաճառվում...
անցյալի հալված ստվերները,
և գալիք արհավիրքները
միայն այն չի վաճառվում...
եվ նաև վերջին չորրորդը,
որ մերժում է այդ աճուրդը,
միայն նա չի վաճառվում...
Հա՛յր մեր,
հրաշք ամենատենչ,
աղբյուր լուսո-Դու որ երկինս ես,
սուրբ եղիցի անուն քո,
Տեր մեր բարձյալ-Դու արարիչ ես,
և եկեսցէ արքայություն,
եղիցի կամք քո-ծայրագույն ես
որպես երկինս և երկրի,
Դու տիրակալ տիեզերքի
միայն լռում ես:
Քեզնից ենք հացը ողորմում,
երբ որ դաշտերը մեր լքյալ են,
և թողություն ենք աղերսում
մեր մեղքերին-քանզի կախյալ ենք,
ասված է, որ ներենք նրանց,
ով որ պղծի երկրիս տաճարը.
գուցե ուրիշը և ների,
բայց մենք՝ երբեք-հիշիր անցյալը...
Եվ մի տանիր ի փորձություն,
բայց կյանքը մեր-լոկ փորձություն է,
և զմեզ փրկեա Տեր, ի չարէ,
բայց ինչո՞ւ դու, մենք ի՞նչ՝ անճա՞ր ենք:
զի քո՛ է և արքայություն, և զորություն,
և փառք-Դու տիրակալ ես
այժմ և միշտ և հավիտյան,
մենք կկորչենք, իսկ Դու անմահ ես...
|